ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈւՑՄԱՆ
Այթրավլ ՍՊԸ-ն, իրավաբանական հասցե՝ Նալբանդյան 48/1, ի դեմս տնօրեն Աստղիկ Սարգսյանի, սույնով հրապարակային առաջարկ է ներկայացնում ցանկացած իրավունակ ֆիզիկական կամ իրավաբանական անձի (այսուհետ՝ Հաճախորդ)՝ ստորև նշված միջնորդական զբոսաշրջային ծառայություններից օգտվելու նպատակով։
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն պայմանագիրը հանդիսանում է հրապարակային առաջարկ (օֆերտա) և պարտադիր է Ընկերության կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու բոլոր անձանց համար։
1.2. Սույն պայմանագիրը կարգավորում է Ընկերության և Հաճախորդի միջև ծագող հարաբերությունները՝ կապված երրորդ անձանց կողմից մատուցվող զբոսաշրջային ծառայությունների որոնման, ամրագրման, գնման, վճարման կազմակերպման և տեղեկատվության փոխանցման հետ։
1.3. Սույն պայմանագրի ակցեպտը կատարվում է՝
ա) վճարում կատարելով,
բ) պատվերը հաստատելով,
գ) պատվերի ձևը լրացնելով և ուղարկելով,
դ) էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ծառայության պատվիրումը հաստատելով,
ե) անձնագրային տվյալներ տրամադրելով:
1.4. Հաճախորդը հաստատում է, որ նախքան ակցեպտը ծանոթացել է սույն պայմանագրին, համապատասխան մատակարարի կանոններին, չեղարկման և վերադարձի պայմաններին, ինչպես նաև անձնական տվյալների մշակման կարգին։
1.5. Սույն պայմանագիրը կիրառվում է նաև էլեկտրոնային եղանակով կնքված գործարքների նկատմամբ, եթե հնարավոր է հաստատել կողմերի ինքնությունը, կամքը և հաղորդագրության ամբողջականությունը։
2. Ընկերության կարգավիճակը
2.1. Ընկերությունը գործում է բացառապես որպես միջնորդ/գործակալ և ինքնուրույն չի հանդիսանում ծառայության անմիջական մատակարար, փոխադրող, հյուրանոց, կրուիզային ընկերություն, վիզա տրամադրող մարմին կամ այլ ծառայություն մատուցող անձ։
2.2. Ծառայությունների իրական մատակարարները կարող են լինել՝ ավիաընկերություններ, հյուրանոցներ, զբոսաշրջային օպերատորներ, կրուիզային ընկերություններ, վիզային կենտրոններ, փոխադրողներ և այլ երրորդ անձինք։
2.3. Ծառայության բովանդակությունը, մատուցման ժամկետները, սահմանափակումները, փոփոխության և չեղարկման կանոնները, վերադարձի պայմանները և պատասխանատվության շրջանակը որոշվում են համապատասխան մատակարարի կանոններով, եթե սույն պայմանագրով այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ։
2.4. Ընկերությունը պարտավոր է Հաճախորդին տրամադրել իրեն հայտնի էական տեղեկությունները ծառայության վերաբերյալ և ժամանակին փոխանցել ամրագրման ու վճարման համար անհրաժեշտ տվյալները։
3. Պայմանագրային հարաբերությունների բնույթը
3.1. Հաճախորդը ընդունում է, որ իրեն և համապատասխան մատակարարին միջև կարող է առաջանալ առանձին հարաբերություն՝ այդ ծառայության փաստացի մատուցման մասով։
3.2. Ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն իր միջնորդական գործողությունների՝ պատվերի ընդունման, փոխանցման, փաստաթղթավորման, մատակարարից ստացված տեղեկությունների տրամադրման և, եթե կիրառելի է, վճարումների տեխնիկական կազմակերպման համար՝ սույն պայմանագրի և ՀՀ օրենսդրության սահմաններում։
3.3. Եթե մատակարարի կողմից ծառայությունը մատուցվում է ոչ պատշաճ, չեղարկվում է կամ փոփոխվում է, Ընկերության պատասխանատվությունը սահմանափակվում է այն ծավալով, որով Ընկերությունը օրենքով կամ պայմանագրով ստանձնել է միջնորդի պարտավորություն, և չի տարածվում մատակարարի ինքնուրույն գործողությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերությունը գիտակցաբար սխալ տեղեկատվություն է փոխանցել կամ թաքցրել է էական հանգամանք։
4. Ծառայության պատվերը, հաստատումը և փաստաթղթավորումը
4.1. Պատվերը համարվում է ստացված, երբ Հաճախորդը լրացնում է ձևը, հաստատում է տվյալները, կամ փոխանցում է համապատասխան վճարումը, կամ ստանում է ամրագրման հաստատում։
4.2. Պատվերի հաստատումը և/կամ տոմսի, վաուչերի, հաստատման նամակի, էլեկտրոնային թղթածրարի ուղարկումը կարող է համարվել ծառայության ամրագրում։
4.3. Էլեկտրոնային փոստով, WhatsApp-ով, Telegram-ով, Viber-ով կամ այլ հաղորդակցման միջոցով ուղարկված պատվերի հաստատումը, տվյալների համաձայնեցումը կամ փոփոխության հաստատումը կարող է օգտագործվել որպես կողմերի փոխադարձ կամքի ապացույց, եթե հնարավոր է հաստատել ուղարկող անձի ինքնությունը և հաղորդագրության բովանդակությունը։
4.4. Հաճախորդը պարտավոր է անմիջապես ստուգել ստացված տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, անձնագրի տվյալներ, ամսաթվեր, երթուղի, հյուրանոցի անուն, սենյակի տիպ, ուղևորների թիվ և այլ էական տվյալներ։
4.5. Հաստատում ստանալուց հետո սխալների ուղղումը կարող է հանգեցնել լրացուցիչ վճարների՝ մատակարարի կանոններով սահմանված չափով։
5. Գներ, վճարումներ և գնի փոփոխություն
5.1. Ծառայությունների ընդհանուր արժեքը ներառում է Մատակարարների ծառայությունների ինքնարժեքը և Գործակալի վարձատրությունը:
5.2. Գինը կարող է փոխվել մինչև վերջնական ամրագրումը՝ մատակարարի սակագների, տեղերի հասանելիության, հարկերի, տուրքերի, փոխարժեքի կամ տեխնիկական սխալի ուղղման պատճառով։
5.3. Ամրագրումից և/կամ ամբողջական վճարումից հետո գինը համարվում է վերջնական միայն այն մասով, որով դա հաստատվել է մատակարարի կողմից և չի հակասում նրա կանոններին։
5.4. Եթե վճարումը կատարվում է մասնակի, չվճարված մնացորդը պետք է մարվի Ընկերության պահանջով սահմանված ժամկետում։
5.5. Բանկային միջնորդավճարները, փոխարկման վճարները, միջազգային վճարային համակարգերի հավելավճարները և այլ տեխնիկական ծախսերը կրում է Հաճախորդը, եթե այլ բան չի նախատեսվում գրավոր։
5.6. Եթե ծառայությունը ենթակա է վերադարձի, վերադարձը կատարվում է նույն վճարման եղանակով՝ նվազեցնելով չվերադարձվող ծախսերը, տուգանքները և փաստացի կատարված միջնորդական ծախսերը։
5.7. Գները ներկայացվում են այն արժույթով, որը նշված է առաջարկում կամ հաշվում։
Արտարժույթով արտահայտված գների դեպքում հաշվարկը կատարվում է վճարման օրվա դրությամբ մատակարարի կամ կազմակերպության հրապարակած փոխարժեքով:
6. Չեղարկում, փոփոխություն և վերադարձ
6.1. Չեղարկման, փոփոխության, անվանափոխության, ամսաթվի փոփոխության կամ այլ ուղղման դեպքում կիրառվում են համապատասխան մատակարարի կանոնները։
6.2. Հաճախորդը ծանուցվում է, որ որոշ ծառայությունների դեպքում կարող է կիրառվել մինչև 100% չվերադարձելի վճար կամ տուգանք՝ համաձայն մատակարարի կանոնների։
6.3. Եթե Հաճախորդը հրաժարվում է ծառայությունից, գումարի վերադարձի չափը որոշվում է ըստ մատակարարի վերադարձման կանոնների և իրականում վերականգնվող գումարի։
6.4. Ընկերությունը պարտավոր է, իր լիազորությունների շրջանակում, Հաճախորդին փոխանցել չեղարկման և վերադարձի հնարավորության մասին տեղեկությունը, երբ այն ստանում է մատակարարից։
6.5. Գործակալի միջնորդավճարը վերադարձման ենթակա չէ ամրագրումը կատարելու պահից:
7. Կրուիզային ծառայություններ
7.1. Կրուիզային ծառայությունների նկատմամբ կիրառվում են կրուիզային ընկերության կանոնները, երթուղիների, նավահանգիստների, նստեցման ժամերի, անվտանգության, առողջական պահանջների և ուղևորի վարքագծի կանոնները։
7.2. Նավի երթուղու, նավահանգիստների ժամկետների, եղանակային պայմանների, տեխնիկական սպասարկման կամ անվտանգության պատճառով կարող են կատարվել փոփոխություններ։
7.3. Ընկերությունը չի վերահսկում կրուիզային ընկերության ինքնուրույն որոշումները և չի կրում պատասխանատվություն դրանց համար, եթե դրանք չեն ծագել Ընկերության մեղքով տրված սխալ տեղեկատվությունից։
8. Վիզայի աջակցություն
8.1. Եթե Ընկերությունը տրամադրում է վիզայի աջակցություն, ապա այդ աջակցությունը սահմանափակվում է փաստաթղթերի ցուցակով, ձևաթղթերի լրացման օժանդակությամբ, գրանցման/ժամադրության կազմակերպմամբ և անհրաժեշտ տեղեկությունների տրամադրմամբ։
8.2. Ընկերությունը չի հանդիսանում դեսպանատուն, հյուպատոսություն կամ վիզա տրամադրող մարմին և չի երաշխավորում վիզայի տրամադրումը։
8.3. Վիզայի մերժման դեպքում վերադարձը, եթե որևէ ծառայություն արդեն մատուցվել է, կատարվում է միայն այն մասով, որը փաստացի չի սպառվել և ենթակա է վերադարձի՝ համապատասխան մատակարարի կամ ծառայության կանոններով։
8.4. Հաճախորդը պարտավոր է տրամադրել ճշգրիտ, ամբողջական և իրական տվյալներ։ Սխալ կամ թերի տվյալների հետևանքով մերժման կամ ուշացման ռիսկը կրում է Հաճախորդը։
9. Հաճախորդի պարտականությունները
9.1. Տրամադրել ճշգրիտ անձնական տվյալներ, փաստաթղթեր, կոնտակտային տվյալներ և վճարման տեղեկություններ։
9.2. Ստուգել անձնագրի վավերականությունը, վիզայի պահանջները, մուտքի/ելքի կանոնները, առողջապահական պահանջները, տարանցման սահմանափակումները և ապահովագրության անհրաժեշտությունը։
9.3. Ժամանակին ներկայանալ օդանավակայան, հյուրանոց, նավահանգիստ կամ այլ նշանակված վայր։
9.4. Հետևել մատակարարների կանոններին, անվտանգության պահանջներին և այն պետությունների մուտքի կանոններին, որտեղ նախատեսվում է ուղևորությունը։
9.5. Չի թույլատրվում օգտվել այլ անձի տվյալներից առանց դրա օրինական հիմքի և անհրաժեշտ թույլտվության։
10. Պատասխանատվության սահմանափակում
10.1. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մատակարարների կողմից կատարված կամ չկատարված գործողությունների, չվերթների հետաձգման կամ չեղարկման, գերբեռնվածության, սենյակի փոփոխության, օվերբուքինգի, սահմանային վերահսկողության, մաքսային, վիզային կամ այլ պետական մարմինների որոշումների համար, եթե այդ հանգամանքները չեն ծագել Ընկերության մեղքով։
10.2. Ընկերությունը չի կրում պատասխանատվություն Հաճախորդի կողմից սխալ տվյալներ տրամադրելու, փաստաթուղթը ժամանակին չստուգելու կամ մատակարարի կանոններին չհետևելու հետևանքով առաջացած վնասների համար։
10.3. Ընկերության պատասխանատվությունը, եթե այդպիսի պատասխանատվություն առկա է, սահմանափակվում է օրենքով թույլատրելի առավելագույն չափով և չի ներառում անուղղակի վնասներ, շահույթի կորստի փոխհատուցում կամ երրորդ անձանց պահանջներ, եթե հակառակը չի բխում պարտադիր նորմերից։
11. Ֆորս-մաժոր
11.1. Կողմերը ազատվում են պատասխանատվությունից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, եթե դա հետևանք է անհաղթահարելի ուժի՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքների։
11.2. Այդպիսի հանգամանքներ կարող են ներառել՝ բնական աղետներ, պատերազմ, ռազմական կամ արտակարգ դրություն, պետական սահմանափակումներ, զանգվածային խափանումներ, համաճարակային սահմանափակումներ, դադարեցված օդային/ծովային հաղորդակցություն և նմանատիպ իրադարձություններ։
11.3. Ֆորս-մաժորի դեպքում Ընկերությունը գործում է ողջամիտ ջանքերով՝ Հաճախորդին այլընտրանք առաջարկելու կամ հնարավոր փոփոխությունների/վերադարձի գործընթացը կազմակերպելու համար, եթե դա թույլատրելի է մատակարարի կանոններով։
12. Վճարումների վիճարկում
12.1. Հաճախորդը պարտավորվում է չկատարել անհիմն վճարային վիճարկում այն ծառայությունների մասով, որոնք պատշաճ կերպով պատվիրել, հաստատել կամ օգտագործել է։
12.2. Եթե Հաճախորդը նախաձեռնում է վճարման հետպահում (chargeback) առանց իրավական կամ փաստական հիմքի, Ընկերությունը իրավունք ունի պահանջել փաստացի վնասների, բանկային ծախսերի, միջնորդավճարների և փաստաթղթավորման ծախսերի հատուցում, եթե դրանք ենթակա են հատուցման օրենքով։
13. Անձնական տվյալներ
13.1. Ընկերությունը կարող է հավաքել, պահպանել, օգտագործել, փոխանցել և այլ կերպ մշակել Հաճախորդի անձնական տվյալները՝ միայն ծառայության կազմակերպման, ամրագրման, մուտքի, վիզայի, հաշվետվության և իրավական պարտավորությունների կատարման նպատակով։ Անձնական տվյալների մշակումը կարգավորվում է ՀՀ համապատասխան օրենքով։
13.2. Անձնական տվյալները կարող են փոխանցվել մատակարարներին, գործընկերներին, վճարային համակարգերին, ավիաընկերություններին, հյուրանոցներին, կրուիզային ընկերություններին, վիզային կենտրոններին և իրավասու մարմիններին, եթե դա անհրաժեշտ է ծառայության մատուցման համար կամ նախատեսված է օրենքով։
13.3. Տվյալների սուբյեկտը տալիս է իր համաձայնությունը անձնական տվյալների մշակման համար՝ սույն պայմանագիրը ընդունելով և/կամ համապատասխան գրանցման ձևը լրացնելով, եթե տվյալ մշակումն օրենքով չի պահանջում այլ հատուկ ձև։
13.4. Ընկերությունը պարտավոր է պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը և կիրառել համապատասխան կազմակերպչական ու տեխնիկական միջոցներ։
14. Վեճերի լուծում
14.1. Կիրառվում է ՀՀ իրավունքը։
14.2. Վեճերը նախ լուծվում են բանակցությամբ, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ ՀՀ իրավասու դատարաններում։
15. Վերջնական դրույթներ
15.1. Հայերեն տարբերակը գերակա է։
15.2. Եթե որևէ դրույթ անվավեր է, մնացած դրույթները շարունակում են գործել։
15.3. Սույն պայմանագիրը կարող է հրապարակվել կայքում, սոցիալական ցանցերում կամ այլ էլեկտրոնային հարթակում։
15.4. Սույն պայմանագիրը գործում է 01.01.2025-ից։
